Հայկական թավշյա հեղափոխությունն արդեն իրողություն է։ Երիտասարդների անհնազանդության ալիքը արագորեն տարածվեց հանրության լայն շրջանակների մեջ եւ փոխեց իրավիճակը։ Նիկոլ Փաշինյանի ճկուն մարտավարության եւ արագ կողմնորոշվելու արդյունքում անհնազանդությունն ընդունեց համընդհանուր մերժման տեսք, վերածվելով տոտալ խաղաղ ապստամբության։ Ամենակրիտիկական պահին բանակն ըստ էության հրաժավեց պաշտպանել ռեժիմը: Խաղաղապահ գնդի մի քանի տասնյակ զինվորականներ դուրս եկան զորամասից եւ միացան ժողովրդին, ինչն էլ որոշեց հեղափոխության անարյուն եւ անցնցում ավարտը։
Մինչ աշխարհը զարմանում է Հայաստանում կատարվածով, իսկ հայ ժողովուրդը ցնծում է տոնելով երկար սպասված ազատագրումը, բազմաթիվ մարդիկ հարց են տալիս՝ – իսկ ի՞նչ անել հիմա։ Պատասխանը պարզ է՝ անհրաժեշտ է կառուցել ինքնիշխան, ժողովրդավար պետություն։
Շարժման ղեկավարների կողմից հարթակից հնչեցվել է օրակարգը՝
- Հեռացնել Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ին,
- Ստեղծել ժամանակավոր կառավարություն,
- Կատարել փոփոխություններ ընտրական օրենսգրքում,
- Ընդունել կուսակցությունների մասին օրենք,
- Պետական կառավարման համակարգը ազատել կապիտալի թելադրանքից եւ ընդունել տնտեսական փոխհատուցման ու համաներման մասին օրենք։
Մեր կարծիքով չեն բարձրացվել մի քանի կարեւոր հարցեր, որոնց թվում են՝
- Սուպերվարչապետության ինստիտուտի վերացում,
- Ուղիղ ժողովրդավարության տարրերի մտցնում, այդ թվում տեղական հանրաքվեների եւ պատգամավորների ու այլ կառավարիչների հետկանչման մեխանիզմների ստեղծում,
- Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին օրենք,
- Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մակարդակի բարձրացում,
- Նախկին իշխանությունների կողմից գաղացված/հափշտակված գումարների վերադարձման մարտավարություն,
- Եւ վերջապես այս ամենի ամրագրում նոր սահմանադրության ընդունմամբ։
Անհրաժեշտ է հասկանալ, որ թավշյա հեղափոխությունը հնարավոր դարձավ ՀՀ-ում և Սփյուռքում բազմաթիվ քաղաքացիների և խմբերի տարիներ տեւած պայքարի, համառության, կամքի, զրկանքների եւ մաքառումների, այն է՝ պայքարի շարունակականության շնորհիվ ։ Նրանց թվում առանձնահատուկ կարեւոր տեղ են զբաղեցնում այս պահին անազատության մեջ գտնվող մի քանի տասնյակ քաղբանտարկյալները՝ Շանթ Հարությունյանն ու իր խումբը, Ժիրայր Սեֆիլյանը, Կարո Եղնուկյանը, Գեւորգ Սաֆարյանը եւ «Սասնա Ծռերը»։
Հեղափոխության թավշյա ավարտը մեծապես պայմանավորված էր նաեւ այն հարվածներով եւ ցնցումներով, որ ռեժիմին հասցրել էին նշված մարդիկ նախորդ տարիների ընթացքում՝ մի կողմից թուլացնելով ռեժիմը, մյուս կողմից հանրության մեջ արմատավորելով փոփոխությունների անհրաժեշտությունը, կամային պայքարի օրինակը եւ գաղափարական հասունությունը։
Թավշյա հեղափոխությունն արդեն հայտարարել է Հայաստանում սիրո եւ համերաշխության մթնոլորտ ստեղծելու իր նպատակի մասին։ Հայտարարվել է ինքնադատաստանի, «վենդետաների» անթույլատրելիությունը։ Միաժամանակ հայտարարվել է օրենքի գերիշխանության հաստատման առաջնահերթությունը, որը մեր կարծիքով ներառում է նախկինում ծանր հանցանքներ կատարած անձանց ու խմբերի գործունեությանը լիարժեք քաղաքական ու իրավական գնահատական տալը եւ արդար փոխհատուցումը։
Մենք ողջունում ենք թավշյա հեղափոխությունը, նրանում ակտիվ ղեկավար մասնակցություն ունեցած երիտասարդ քաղաքական գործիչներին եւ անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Միաժամանակ հույս ենք հայտնում, որ ժամանակավոր կառավարություն ձեւավորելիս եւ օրակարգն իրականացնելիս, այժմ բանտարկված քաղաքական գործիչների հետ կլինի լայն եւ ընդգրկուն կոնսոլիդացիա, ամբողջությամբ կօգտագործվեն նրանց մասնագիտական որակները, կամային հատկանիշները եւ հանրության շրջանում ունեցած հարգանքն ու հեղինակությունը։
Սա շատ կարեւոր է երկու պատճառով։
Առաջինը, հզոր անհատականություններից կազմված ժամանակավոր կառավարությունը մեծապես ավելի արդյունավետ կիրագործի օրակարգում ամրագրված ռեֆորմները եւ կդիմագրավի ներքին ու արտաքին մարտահրավերներին։
Երկրորդը, Հայաստանում հիմք կդրվի ազատ, մրցակցային քաղաքական դիսկուրսի մշակույթին, երբ միմյանցից տարբեր քաղաքական հայացքներ ունեցող, նախկինում միմյանց հետ որոշակի տարաձայնություններ ունեցած գործիչները ամեն ինչ կդնեն մի կողմ եւ կլծվեն Նոր Հայաստանի կառուցման գործին։ Սա նաեւ մեծապես կօգնի պահպանել եւ ինստիտուցիոնալ տեսք հաղորդել ներկայիս համաժողովրդական միասնությանն ու կոնսոլիդացիային։
Ուրեմն, այս երկար, դժվար ու երջանիկ ճանապարհի առաջին քայլն անելու համար հորդորում ենք հեղափոխությանը որպես առաջնահերթություն հասնել բոլոր քաղաքական բանտարկյալների ապօրինի անազատության վերացմանը եւ նրանց հետ քաղաքական խորհրդակցությունների սկսմանը։
You must be logged in to post a comment.