Կեղծիքի Արմատները

origins-of-fraud-2

 

 

 

 

 

 

 

 

 

by Mayis Vanoyan, Senior Fellow

Ստուկաչը ռուսերեն բառ է, որը նշանակում է մատնիչ։ Սակայն երբ ասում ենք ստուկաչ, հասկանում ենք ոչ թե լոկ մատնություն, այլև սուտ մատնություն, զրպարտություն կամ մատնություն՝ սադրանքի միջոցով։ Սա 30-ականներին տարածված պրակտիկա էր ՆԿՎԴ-ի, այնուհետև ԿԳԲ-ի հետ համագործակցողների շրջանում։ Լինելով Սիբիր աքսորվածի և այնտեղ վախճանվածի թոռ ու տասը տարի Սիբիրում բռնադատվածի զավակ՝ լուսահոգի տատիկիս ու հորս պատմածներով եմ ճանաչում այս երևույթը։

Եվ այսպես, ովքե՞ր էին ստուկաչները։ Դրանք ՀԽՍՀ այն քաղաքացիներն էին, որոնք իշխանության մարմինների պատվերով կամ ճնշման տակ կատարում էին կեղծ մատնություններ, տալիս էին գրավոր կամ բանավոր սուտ վկայություններ, ինչպես նաև զրպարտանքներ՝ պահանջով, ճնշմամբ, կամ որևէ նյութական խրախուսանքի ակնկալիքով, իսկ որոշ դեպքերում նաև ինքնակամ՝ պայմանավորված վախով կամ այդ արարքի դիմաց իշխանության բարեհաճությանն արժանանալու հույսով։ Հայտնի է, որ զրպարտությունն ու սուտ մատնությունը Հայաստանում 30-ականներին կիրառվել են ոչ միայն կուլակաթափության ու սովորական քաղաքացիների զանգվածային տարհանման կամ ոչնչացման նպատակով, այլև մտավորականության շրջանում։ Հիշենք Նաիրի Զարյանի, Ալազանի ու այլոց անհատական ու խմբակային նամակները, որոնց հիման վրա Չարենց ու Բակունց էին բանտարկում ու գնդակահարում ԿԳԲ ի բանտերում։

Ստուկաչությունը երևույթ էր՝ այսինքն ժամանակներն էին այդպիսին, երբ ցանկացած մարդ որևէ մեկին կարող էր զրպարտել՝ ներկայացնելով նրան սովետական իշխանության թշնամի։ Այն համատարած բնույթ էր կրում՝ դառնալով մարդու տեսակ, ու կազմում էր կենցաղի գերակշիռ մասը։ Սովետական իշխանությունը դաստիարակում ու խրախուսում էր նման վարքագիծը։ Նժդեհը դիպուկ կերպով նրանց տականք է անվանել։ Տականքներն ամենուր էին՝ գյուղերում և քաղաքներում, ցանկացած հիմնարկում դրանք վխտում էին։ Զրպարտությունն ու կեղծիքը դարձել էր կյանքի նորմ։

Այսօր պատմությունը կարծես կրկնվում է։Վերջին տարիներին Հայաստանում իշխող կուսակցությունը հաջողությամբ շարունակում է այդ «հին» սովետական ավանդույթները, որոնք հատկապես ցայտուն են դառնում ընտրական գործընթացների ժամանակ։  Այն, ինչ կատարվում է Հայաստանում ընտրությունների ժամանակ 1995 թվականից ի վեր, միանգամայն ժառանգվել է ստուկաչության ժամանակաշրջանից։ Այն դեմքերը, որ մենք տեսնում ենք ընտրություններին ու վերջին քվեարկության տեսանկարահանումներում, անընդհատ ինձ հիշեցնում են հորս պատմած մանրամասները՝ մեր գերդաստանին հասած զրկանքների մասին։ Ավելին՝ պատմածների կերպարները, որոնք մտապատկերով տպավորվել էին իմ մանկության ու պատանեկության տարիներին, այժմ նույն կենդանի պատկերների հետ միանգամայն համընկնում են։

Ընտրական հանձանաժողովների նախագահների դեմքերի գողական ինքնավստահությունն ու  Ազգային ժողովի պատգամավորների թևավոր խոսքեր հիշեցնող լկտի անհեթեթությունները վկայում են այն մասին, որ Հայաստանը ետ է դառնում դեպի 30-ական թվականներ։ Արդյո՞ք նույն ստուկաչի հոգեբանությունը չէ, որ թևածում է ամենուրեք։ Նրանք, ովքեր դրդված էին կրկնակի քվեարկելուն, ակնկալում էին այդ օրվա հացի փողը։ Իսկ դրդողները մի  քիչ ավելի ռազմավարական խնդիրներ էին լուծում՝ կարիերայի ու մեծ շահի համադրությամբ։ Այս երկու տիպերն էլ եղել են ստուկաչների ժամանակաշրջանում։ Հանուն շահի ու կարիերայի կատարվող կեղծիքներն ու բութ ինքնավստահությունը մեզանում այսօր ամենուրեք է։

Ստուկաչների ժառանգներն առայսօր շարունակում են գործել։ Եթե նրանք արյունակցական կապ էլ չունեն նախկին ստուկաչների հետ՝ ապա նրանք դաստիարակվել են նույն հոգեբանությամբ։ Սասնա Ծռերի գործողությունները մեզ համար այնքան անհրաժեշտ գաղտնազերծում (լյուստրացիա) կատարեցին։ (Ի դեպ, պաշտոնապես գաղտնազերծումը չեն իրականացրել նախկին սովետի երկրներից միայն մահմեդական երկրներն ու Հայաստանը)։ Ի՞նչ անուն տաս Վիտալի Բալասանյանի՞ն… Սա ստուկաչության դասական օրինակ է. շահելով Սասնա Ծռերի վստահությունը՝ հարվածի տակ դրեց նրանց՝ զրպարտություն տարածելով Ժիրայր Սեֆիլյանի մասին: Ի՞նչ անուն տաս մտավորական կոչվածներին, որոնք  գերադասում են տաքուկ հետույքը՝ արժանապատվությունից զրկվելու գնով։ Նրանք մի՞թե ստուկաչներ չեն։ Դե իհարկե, չեմ խոսում այն տիպիկ ստուկաչոստիկանների մասին, որոնք սուտ մատնություններ են անում Հիմնադիր Խորհրդարանի անդամների ՝ Գևորգ Սաֆարյանի, Կարո Եղնուկյանի և այլոց դեմ։

30-ականներին բնական էր դիտվում կալանքը, տան խուզարկություններն ու աքսորը` մատնության միջոցով։ Բայց մի առանձնահատկություն էլ կար՝ նույն ստուկաչներից շատերը հետագայում չէին հասցնում «վայելել», ստուկաչության շնորհիվ ձեռք բերած (եթե դրանք իրականում կային) պտուղները։ Մի մասի համար դա կարիերա էր՝ մյուսների համար նյութական բարիքներ ու անմնացորդ հպատակություն մեծավորներին։ Խորհրդային իրականության մեջ նրանք այլ նորահայտ ստուկաչների միջոցով ոչնչացվում էին՝ աքսորվում կամ բանտարկվում ու գնդակահարվում։ Ի վերջո, ոմանք նաև ջրի երես բերվեցին Խռուշչովյան ձնհալի ժամանակ:

Ինչքա՞ն ժամանակ կպահանջվի ետ բերել կորցրածը, բռնել զարգացման ուղին, վերջ տալ Հայաստանում տիրող խավարամտությանը, ձերբազատվել ստուկաչ երևույթից ու ազատվել սաքուլիկներից, չոռնի գագոներից, մհերներից, շմայսներից, մկներից, սաշիկներից ու սերժերից… Անհայտ է։ Կարծում եմ Ապրիլյան Պատերազմն ու Սասնա Ծռերի գործողությունը ահագին պարզություն մտցրեցին, ավետեցին նոր պլատֆորմի գոյությունն ու ներկայացրեցին զարգացման ուղու հայտ։ Գուցե սա նախախնամություն դիտվի՝ բայց այս դեպքերը նաև մոտեցրեցին հատուցմամ պահը, որը իրեն երկար սպասել չի տա: Կապրենք ու, հուսով եմ, կտեսնենք։

Advertisements
This entry was posted in All listed by Author, Mayis Vanoyan, SOCIETY and tagged , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s