Հայաստանի Սաստկացող Տնտեսական Ճգնաժամը

Dram

 

 

 

Ռուսաստանը բավականին լուրջ ճգնաժամի մեջ է: Այդ ճգնաժամի բնույթն ու խորությունը հասկանալն անհրաժեշտ է ամբողջությամբ ըմբռնելու համար, թե Հայաստանի տնտեսությանն իրականում ինչ է սպասվում մոտ ապագայում:

Ռուսական ճգնաժամի պատճառները ավելի քան ակնհայտ են՝ արևմտյան սանկցիաները (հիմնականում ֆինանսական) և նավթի գնի կտրուկ նվազումը: Սակայն հետևանքները բավականին անսպասելի էին և մնում են հիմնականում անկանխատեսելի: Շատ արևմտյան մասնագետներ և Ռուսաստանի ամբողջ քարոզչական մեքենան թերահավատությամբ մոտեցան սանկցիաներին՝ անտեսելով մի շատ կարևոր գործոն, այն է, որ ի տարբերություն 1980-ականների ԽՍՀՄ-ի, 2014-ի Ռուսաստանը շատ ավելի փոխկապակցված է արտաքին աշխարհի հետ: Դա էլ հենց եղավ իր տնտեսության այսպիսի մեծ խոցելիության հիմնական պատճառը:

Ինչպես արդեն տեղյակ եք, Ռուսաստանի Կենտրոնական բանկը այս տարվա ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է արդեն երրորդ անգամ, վերջին անգամ 6.5 տոկոսով՝ կապիտալի արտահոսքը կասեցնելու և ռուբլին կայունացնելու համար: Սակայն մինչ այդ մեզ համար ակնհայտ էր մեկ բան. Ռուսաստանի ԿԲ-ն չի կարողանալու կանխել ռուբլու անկումը միայն դրամավարկային քաղաքականությամբ առանց բանկային համակարգը կաթվածահար անելու:

Սա նման է քամու դեմ միզելուն, բավականին կանխատեսելի հետևանքներով: Ֆիսկալ շոկի դեմ առաջին հերթին հարկավոր է պայքարել հենց ֆիսկալ մեթոդներով (Կառուցվածքային քաղաքականության մասին խոսք չի գնում, քանի որ այդ գործիքները հիմնականում արդյունավետ չեն կարճաժամկետ խնդիրներ լուծելու, ճգնաժամեր հանդարտեցնելու հարցում): Սակայն անկախ նրանից,  թե ֆիսկալ քաղաքականության գործիքակազմի որ գործիքները կօգտագործվեն ՌԴ իշխանությունների կողմից (այն է՝ հարկային, թե ծախսային), այս չափի շոկի դեմն առնելու և կապիտալի արտահոսքը կանխելու համար ամենայն հավանականությամբ անհրաժեշտ կլինեն իրականացնել բավականին խորը և ցավոտ միջոցառումներ: Խնդրի կարճաժամկետությունը հաշվի առնելով՝ սրանցից ամենաարդյունավետն են՝ տարատեսակ սուբսիդիաների, սոցիալական փոխանցումների, աշխատավարձերի և թոշակների նվազեցումը, կամ պարզապես դրանց միառժամանակ չվճարելը: Խնդիրն այն է սակայն, որ սա իր հերթին կբերի ընդհանուր տնտեսական ակտիվության անկման, գոնե սկզբնական շրջանում, ժամանակավորապես ավելի խորացնելով նախնական շոկի ազդեցությունը:

Սակայն վերադառնանք Հայաստան…

Այն ինչ տեղի է ունենում հիմա մեր երկրում,  ՀՀ տնտեսության անցած 5 տարիների ընթացքում երկրորդ խորը ճգնաժամն է: Նկատենք, որ առաջին ճգնաժամից ՀՀ տնտեսությունը այդպես էլ լիովին չապաքինվեց: Մինչ հնարավոր հետևանքների քննարկմանն անցնելը, նախ նշենք այս ճգնաժամի տարածման հիմնական ուղիները :

ՌԴ-ից ՀՀ տնտեսության և դրամի փոխարժեքի վրա ազդեցության ուղիները հետևյալն են.

  1. Դրամական փոխանցումներ: [1]
  2. Ընթացիկ հաշվեկշռի մաս կազմող այլ հոսքեր:
  3. Կապիտալի հաշվեկշռի մաս կազմող հոսքեր: [2]
  4. Արժութային շուկայում տիրող խուճապ:

 

Հետևանքներ

ՀՀ տնտեսության վրա ճգնաժամի ունենալիք հնարավոր հետևանքները հետևյալն են.

  1. Բանկային համակարգի թուլացում և հնարավոր փլուզում: Ավելի հանգամանալից կանգ առնենք այս հարցի վրա, քանի որ բանկերի դերն ու այս դեպքում հնարավոր բացասական ազդեցությունը միշտ չէ, որ ըստ արժանվույնի է գնահատվում: Սա շատ խոցելի օղակներից է, եթե ոչ ամենախոցելին:

Անգամ եթե բանկային համակարգը ճգնաժամից առաջ ունենար արտարժույթով արտահայտված ակտիվների և պարտավորությունների հավասար քանակ (այն է` չունենար արտարժույթի ճեղքվածք), բանկերը դրամի 35% արժեզրկման արդյունքում կանգնած կլինեին լուրջ խնդիրների առաջ:

Շատ վարկառուներ, որոնց վարկերը արտարժույթով են (կամ էլ ունեն լողացող տոկոսադրույք, որն, անշուշտ, կաճի գնաճին զուգահեռ), պարզապես ի վիճակի չեն լինի սպասարկել իրենց վերցրած վարկերը, մեծացնելով արդեն իսկ ՀՀ բանկային համակարգում բավականին բարձր չափերի հասնող «չաշխատող վարկերի» քանակը: Նշենք նաև, որ «չաշխատող վարկերը» կաճեն ՌԴ-ից եկող փոխանցումների նվազման հետևանքով նույնպես: Այդ իսկ պատճառով, անգամ Կենտրոնական Բանկի կողմից այսպես կոչված «վերահսկողական հանդուրժողականության» պայմաններում բանկերը անկարող են լինելու վարկեր տրամադրել տնտեսությանը՝ դառնալով ձեռնարկատերերին ուղղված հարվածի «երկրորդ ալիքը»:

Բանկերը նաև իրենց կողմից արտերկրից ներգրավված վարկերը սպասարկելու խնդիր են ունենալու: Թեև բանկերին բաժին ընկնող մոտ 4 միլիարդ ԱՄՆ դոլարի կարգի արտաքին պարտքի մի մասը միջազգային կառույցների կողմից տրված երկարաժամկետ վարկեր են (և այդ իսկ պատճառով վերակնքվելու/rollover-ի կարիք չեն ունենա), նրանք դրամի արժեզրկման հետևանքով կթանկանան՝ դառնալով դժվար վերադարձվող և բանկերի կապիտալի վրա ունենալով ուղղակի ազդեցություն:

Բացասական ազդեցությունը առաջին հերթին զգալու են բանկերը, որոնք արտարժույթով զգալի պարտքեր ունեն և համապատասխանաբար արտարժույթով վարկեր են տրամադրել։ Մի որոշ ժամանակ հետո այդ «վարակը» ամենայն հավանականությամբ կտարածվի նաև մյուս բանկերի վրա։ Այս ամենի արդյունքում վտանգի տակ են դրվում հասարակության կողմից բանկային համակարգում պահվող խնայողությունները, որոնք այլապես կարող էին օգտագործվել ճգնաժամի հետևանքները մեղմելու նպատակով:

  1. Ընդհանուր պահանջարկի նվազում: Եթե հաշվի առնենք, որ ըստ որոշ գնահատականների ՀՀ ամեն երկրորդ ընտանիք դրսից դրամական օժանդակություն է ստանում, որի զգալի մասը ՌԴ-ից, ապա դժվար չէ պատկերացնել թե ինչպիսին կլինի այդ ընտանիքների եկամուտին հասցվելիք հարվածը ՌԴ-ից դրամական փոխանցումների 25 կամ առավել ևս 50 տոկոս անկման դեպքում: Այս սցենարները բոլորովին էլ անհավանական չեն, եթե հաշվի առնենք այն ինչ հիմա տեղի է ունենում ՌԴ-ում:
  1. Կապիտալի արտահոսք: Հարկ է նշել, որ այս գործին լծվելու են ոչ միայն հայրենի տնտեսությունը ծնկի բերած օլիգարխները, այլ նաև ՀՀ-ում գրանցված ռուսական բաժնեմաս ունեգող բանկերն ու խոշոր ձեռնարկությունները: Պարզապես առաջին դեպքում այդ գումարները կհոսեն դեպի օֆշորային գոտիներ, իսկ երկրորդ դեպքում՝ ՌԴ:
  1. Արտաքին պարտքի կտրուկ աճ։ Նշենք, որ դրամի 35% արժեզրկման արդյունքում, ՀՀ արտաքին պետական պարտքը մեկ օրվա ընթացքում ՀՆԱ-ի մոտ 40%-ից դարձավ մոտ 55%։ Բնականաբար կտրուկ կաճեն նաև այս պարտքի սպասարկման ծախսերը:
  1. Տարվող քաղաքականության հանդեպ վստահության կտրուկ անկում: Լինելով ճգնաժամային իրավիճակներից դուրս գալու ամենաանհրաժեշտ գործոններից մեկը, տնտեսական քաղաքականության հանդեպ վստահությունը ՀՀ-ում վաղուց բացակայում է, անկախ և մասնագիտական առումով որակյալ քաղաքականություն վարել չկարողանալու/չցանկանալու պատճառով: ԿԲ-ի վերջին օրերին կատարած քայլերը միայն ամրապնդեցին մեզ մոտ վաղուց արդեն ձևավորված այս կարծիքը:

Այս բոլոր գործոններով հղի իրավիճակը, անկասկած, կբերի ՀՆԱ-ի և եկամուտների կտրուկ անկման, որն իր հերթին կբերի սոցիալական էլ ավելի ծանր վիճակի, հատկապես անապահով խավերի համար: Իրավիճակն ավելի են բարդացնում ֆիսկալ քաղաքականության խիստ սահմանափակ հնարավորությունները (որը կարող էր հանդես գալ որպես բուֆեր) և որ ավելի կարևոր է՝ տնտեսագետների պրոֆեսիոնալ թիմի բացակայությունը, որը կարող էր կառավարել ճգնաժամը։ Այս ամենը հաշվի առնելով՝ մենք Հայաստանի տնտեսության համար բավական ծանր հետևանքներ ենք կանխատեսում։

Առաջարկություններ

Աճի և զարգացման ներքին ռեսուրսը վատնած Հայաստանում տեղի ունեցավ հենց այն, ինչ կանխատեսում էինք 2012-ին հրատարակած «Հայաստան. կանխենք տնտեսական աղետը» ծավալուն մեր զեկույցում: Այդ իսկ պաճառով էլ մեր առաջարկություններն առանձնապես չեն ենթարկվել փոփոխության: Այնպես, որ կրկնենք այն, ինչ ասել էինք 2012-ին.

 «Առաջ շարժվելու համար անհրաժեշտ է հիրավի ազգային միասնական կառավարություն, որը կունենա աշխատունակ օրակարգ և կկարողանա ի մի բերել բոլոր կառուցողական ուժերը՝ լինեն դրանք Հայաստանում, թե սփյուռքում: Այս ջանքերն էլ իրենց հերթին պահանջում են մասնագիտական հավաստիք և  հիրավի ազգային և մաքուր քաղաքական ղեկավարություն, որը, ցավոք, Հայաստանում բացակայում է այս պահին:»

 2012-ի հետ համեմատած միայն մի շատ կարևոր տարբերություն, սակայն։ 2014-ին այդ միասնական կառավարության մեջ չեն կարող տեղ գրավել վերջին տարիների ընթացքում իրենց ամբողջովին վարկաբեկած իշխանական բուրգի անդամները:

Տնտեսական քաղաքականության գործիքակազմում գտնվող մյուս գործիքների մասին խոսելը հիմնականում ավելորդ ենք համարում այս անհրաժեշտ պայմանը չկատարվելու դեպքում: Պատճառը մեկն է. ներկայիս կառավարությունը՝ որպես ամբողջություն, զուրկ է տեսլականից, կարողություններից և տոկունությունից վերը նշված խնդիրները վերացնելու համար:

Վերջաբանի փոխարեն ասենք միայն, որ չնայած այս աղետալի իրավիճակին կարծես թե բացառիկ հնարավորություն է ստեղծվել համայն հայության համար համախմբվելու Հայաստանի շուրջ և օժանդակելու հայրենիքում օրեցօր թափ առնող քաղաքացիական շարժմանը, այնտեց ապահովելու համար որակյալ համակարգափոխություն: Այսպիսի հնարավորություն մեր հայրենիքը ու ժողովուրդը կարող են այլևս չունենալ, քանի որ ինչպես արդեն բազմիգս նշել ենք, ժամանակը մեր օգտին չի աշխատում:

20 դեկտեմբեր 2014

[1] Տարբեր գնահատականների համաձայն փոխանցումները հասնում են համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ-ի) 20%-ի, որոնց հիմնական մասը ՌԴ-ից են:

[2] Կարծիք կա որ ՀՀ-ից վերջին օրերին կապիտալի արտահոսքի հարցում զգալի դերակատարում են ունեցել ֆինանսական ծանր վիճակի մեջ գտնվող ՌԴ ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերը կամ դուստր ձեռնարկությունները, որոնք հրահանգ էին ստացել որքան հնարավոր է շատ դոլար գնել հետագայում ՌԴ փոխանցելու նպատակով: Պատկերացնելու համար թե ինչ մեծ ճնշում այս գործոնը կարող է առաջացնել արժութային շուկայում, հարկ է նկատի ունենալ որ ամենամեծ կանխիկ հոսքեր ունեցողները հենց ռուսական ընկերություններն են – գազամատակարարում, էլեկտրաէներգիայի և բենզինի մատակարարում, հեռախոսակապ և այլն: Դրանց ավելացնենք նաև երկու-երեք խոշոր ռուսական բանկ (որոնցից և հիմնականում գնվեց այդ արտարժույթը) և պատկերը պարզ կդառնա:

Advertisements
This entry was posted in Admin, Economics. Bookmark the permalink.

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s